Փաշինյանը հետագայում կհասկանա, որ սխալվել է․ Վարդան Ղուկասյանը՝ քրեածին տարրերին «ասֆալտին փռելու» վարչապետի հայտարարության մասին

Վախենում եք, որ ես դնեմ թեկնածությունս Գյումրու քաղաքապետի ընտրություններում ու անցնեմ, որովհետև 100 տարի է` սոցհարցումներ եք անում, ու գիտեք, որ իմ ռեյտինգը չի պակասում, ինչքան դնում եմ, անցնում եմ, դրա համար էլ հարձակվում եք: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
«Հանգիստ եղեք, չեմ դնելու, բայց ժողովուրդն ինձ ամեն րոպե ասում է` ինչի ես մնացել, ինչի ես մեզ թողել անտեր»,-ասաց պատգամավորը:


Դիտարկմանը, թե իր այն հայտարարությունից հետո, որ իր` քաղաքապետ եղած ժամանակ Գյումրին եղել է ամենաոչկրիմինալ քաղաքը, մամուլում սկսել են շրջանառվել Գյումրիում կատարված դեպքերը, որոնք կապվում են Ղուկասյանի ու իր հարազատների հետ, պատգամավորն արձագանքեց, թե մամուլում շրջանառված դեպքերից ոչ մեկում իրեն առնչվող քրգործեր չեն եղել:
«Մի բան հասկացա` որ եթե որևէ մեկի հետևից ժողովուրդ է գնում, պետք է անպայման վարկաբեկեն, խայտառակեն»,-ասաց նա:
Հարցին` ստացվում է , որ Նիկոլ Փաշինյանն իր ԱԺ ելույթում զրպարտու՞մ էր իրեն, Ղուկասյանը պատասխանեց.
«Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգող եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, թե միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ: Ես իրեն լավն եմ ցանկանում»,-ասաց Վարդան Ղուկասյանը: