Հայտնի է թե որտեղ կհուղարկավորվի լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանը

Խորհրդային լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանի հուղարկավորությունը տեղի կունենա  այսօր  Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Նա կհանգչի ամուսնու և մարտական ընկերոջ՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կողքին:
Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:

Հիշեցնենք, որ Գոհար Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր:
Ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին (1924թ․-ի փետրվարի 17- 2012թ․ հունվարի 10), նա մի քանի տասնամյակ աշխատել է աշխարհի տարբեր մասերում ՝ ձեռք բերելով սովետական հետախուզության համար ամենակարևոր տեղեկատվությունները: Ամուսիններ Վարդանյանները,  որոնք ժամանակին հայտնի էին միայն Անիտա և Անրի կեղծանուններով, իրականացրել են բազմաթիվ գործողություններ, որոնց մի մասն էլ մինչ այժմ «գաղտնի» խորագրի ներքո է: Բայց մեկն արդեն դարձել է պատմություն՝ հավերժացնելով նրանց անունները: 1943-ին Թեհրանում Անիտան և Անրին օգնեցին խափանել գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը հակահիտլերյան կոալիցիայի երկրների ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի վրա: