Չնախատեսված այցերով կգնամ եւ պարզեմ, թե սուբվենցիոն ծրագրերով ինչ է արվել. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց շուրջ 600 մլն դրամով ավելացնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը՝ կապված սուբվենցիոն ծրագրերի հետ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի հավանության է արժանացել 483 սուբվենցիոն ծրագիր. «Այս ծարգրով նախատեսվում է 20 համայնքների կողմից ներկայացված 28 ծրագրերի համար տրամադրել այդ գումարը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,203 մլրդ դրամ, որից համայնքների համաֆինանսավորման չափը 999 մն դրամ, իսկ պետական մասը՝ 600 մլն դրամ»,-ասաց Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա շատ լավ առիթ է, որ առաջիկայում առանց նախնական պլանավորման գնան ու տեսնեն, թե այդ ծրագրերը ինչպես են իրականացվել:
Չնախատեսված այցերով կգնամ եւ պարզեմ, թե սուբվենցիոն ծրագրերով ինչ է արվել: Եթե ինչ-որ բան այն չլինի, ընդունող հանձնաժողովը եւս հավասարազոր պատասխանատվություն են կրում տեղի ունեցողի որակի մասին»,-հայտարարեց վարչապետը: