Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը. վերջինս աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ով է 2019 թ.  հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին` Անդիկին: Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այդ աղմկահարույց սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Ա. Հարությունյանի սպանության կազմակերպիչը բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է:

40-ամյա Բոլյանին էլ նախօրեին սպանեցին Մոսկվայի հարավ-արևմուտքում: Երբ մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել մեքենային, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում` գլխին, և թաքնվել:
Այս վենդետայից առաջ բռնցքամարտիկ Բոլյանը 300-350 հազար դոլար պարտք է եղել մի հայտնի խաղատանը, տերերը չեն կարողացել Բոլյանից գումարը ստանալ և դրա համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, որպեսզի նա «ստանա» փողը: Ահա սա է եղել Բոլյանի` Անդիկի սպանությունը կազմակերպելու շարժառիթը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: