Որտեղ խնդիր կա, անկարողությունից փակում եք, պետությունն էլ փակեք. Կարինե Տոնոյան

«Այս նախարարությունն էր, որ ռազմահայրենասիրական հայեցակարգը հանեց: Պատերազմող երկրում, որտեղ ամեն օր զոհեր ենք ունենում, հանում են «Ռազմագիտություն»  առարկան կամ արգելում ռազմահայրենասիրություն բառն ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, որը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց էր, որտեղ բողոքի ակցիա, նստացույց են անում երիտասարդները՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նա նշեց, որ իրենց անգամ նիստերի ժամանակ ասել են՝ ռազմահայրենասիրական բառը մի ասեք:
«Մենք պահանջում էինք լավացնել «Ռազմագիտություն»  առարկայի դասագիրքը, ընդհանրապես հանում եք: Ասում եք՝ ճամբարներ կկազմակերպեք: Ինչպե՞ս եք կազմակերպելու, ե՞րբ քննարկեցիք, ե՞րբ հայեցակարգ մշակեցիք: Ուղղակի օդում շխկացնելով, որ ճամբարներ կկազմակերպեք… : Կփորձեք կազմակերպել, չեք կարող այնպես կազմակերպել, որ Հայաստանի ողջ տարածքից ավարտական դասարանների երեխաները գնան ճամբարներ:  Մենք այդքան ռեսուրս չունենք:  Կտապալեք գործը, կասեք, չի ստացվել:  Արդյունքում կստացվի դպրոցում «Ռազմագիտություն» առարկա չկա, ճամբարն էլ չստացվեց: Մեր երեխաները, թե մինչև հիմա մի երկու գիտելիք ստացած էին գնում բանակ, հիմա ոչինչ չստացած  կգնան:

Ինձ զայրացնում է «Ռազմագիտություն» առարկայի նկատմամբ այս թեթևամիտ վերաբերմունքը: Ինչ հասնում է, փակում եք, որտեղ մի փոքր խնդիր են տեսնում, անկարողությունից փակում եք: Է փակեք, պետությունն էլ փակեք»,- ասաց Կ. Տոնոյանը: 
Նա նշեց, որ ոլորտում առկա խնդիրների լուծմանը ոլորտի ներկայացուցիչներին  մասնակից չեն դարձնում, որոշումները կայացվում են հապճեպ իրենց ցանկությամբ:

«Կներեք, դրա համար չենք տվել ձեզ այդ մանդատը: Ի վերջո,  մենք ձեզ վարձել ենք, որ ծառայեք մեզ, բարի եղեք կատարելու ձեր ծառայությունը: Վարչապետը չասա՞ց՝ ժողովուրդ,  դուք եք կառավարելու: Բա հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ եք մեզ դուրս թողել այդ կառավարումից:
Մեր երկրում անընդհատ  բաներ ենք տեսնում,  որոնց բացատրությունն անգամ վախենում ենք տանք: Է մենք, այսպես ասած, հեղափոխություն արեցինք, որ վախենա՞նք մեր երկրում»,- նշեց Կ. Տոնոյանը: