Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանը գաղտնի նվերներ չի ընդունել որևէ մեկից, իսկ Սամվել Ալեքսանյանից և նրա հետ փոխկապակցված ընկերություններից առհասարակ նվեր չի ընդունել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշել էր, որ Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանին բեռնատարներ նվիրելը հստակ է, սակայն «Լույս» խմբակցության ճեպազրույցից հետո Հակոբ Կարապետյանը հերքեց Խաժակյանի ասածը:


«Քաղաքապետարանը գաղտնի նվեր որևէ մեկից չի ստացել, իսկ Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել: Ես ուղիղ հեռարձակմամբ լսում էի, թե ինչ են ասում «Լույս» խմբակցության անդամները: Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա:
Կարապետյանի խոսքով՝ եթե Սամվել Ալեքսանյանը կամ որևէ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային իշխանությանը, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից։ «Եթե բիզնեսը վստահում է քաղաքային իշխանությանը, եթե անհատը կամ կազմակերպությունն ուզում է համայնքին կամ քաղաքին նպաստ բերել այդ նվիրատվությամբ, մենք դա ողջունում ենք»,- ասաց Կարապետյանը:
Նա նաև նշեց, որ քաղաքային իշխանությունը նվերների դիմաց բիզնեսին որևէ պարտավորություն կամ արտոնություն չի տրամադրում։ Կարապետյանը ներկայացրեց, որ 50 աղբահավաք մեքենաներից 35-ը գնվել են պետության գումարներով, նվեր ստացվել են 15-ը, սակայն չցանկացավ նշել, թե որ կազմակերպությունները կամ ովքեր են նվիրատուները, ասաց, որ անուններ կարող է նշել ապագայում։