Forbes-ն առաջին անգամ կազմել է ՌԴ աստղերի և բլոգերների վարկանշային ցանկը՝ ըստ ինստագրամյան գովազդից ստացած եկամտի. Ցանկը գլխավորել է Քսենյա Սոբչակը

Forbes hեղինակավոր ամսագիրն առաջին անգամ հրապարակել է ռուսաստանցի աստղերի և բլոգերների վարկանշային ցանկը՝ ըստ ինստագրամյան գովազդից ստացած եկամտի: Ցանկը գլխավորել է Քսենյա Սոբչակը, որի եկամուտն ամսագիրը գնահատել է 1,6 միլիոն դոլար։ Հայտնի հաղորդավարուհին հմտորեն մոնետիզացնում է ինստագրամյան իր հաշիվը՝ շաբաթական, երբեմն նույնիսկ օրական մի քանի գովազդային հրապարակում անելով։
Սոբչակի էջում հաճախակի կարելի է տեսնել Dior և Bosco, Audi և Beluga բրենդերի անունները։

Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն, երրորդը՝ Օլգա Բուզովան (յուրաքանչյուրը 0,86 միլիոն դոլար)։
Առաջատարների տասնյակում են հայտնվել նաև Ալան Ենիլեևը (0,85 միլիոն դոլար), երգչուհի Պոլինա Գագարինան (0,77 միլիոն դոլար), Ելենա Տեմնիկովան (0,76 միլիոն դոլար), մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը և դերասանուհի Աննա Խիլկևիչը (յուրաքանչյուրը 0,57 միլիոն դոլար) և այլն։
Հատկանշական է, որ Instagram-ի միջոցով ամենաշատը վաստակող 15 աստղերի շարքում ընդամենը 2 տղամարդ կա։ 
Forbes-ը նշում  է, որ Ռուսաստանում ինստագրամյան գովազդային շուկայի հստակ ծավալը հայտնի չէ, քանի որ պայմանագրերի մեծ մասը ստվերում է մնում։ Ըստ «GetBlogger» բլոգերների շուկայի գնահատականների՝ 2018 թվականին Ռուսաստանում ինստագրամյան գովազդի ամբողջ շրջանառությունը կազմել է 10 միլիարդ ռուբլի, 2019-ն՝ 12-15 միլիարդ ռուբլի։