Իմ թիմակիցներից շատերը հավանության են արժանացրել 10 մլն դրամի դիմաց բանակից ազատվելու մասին իմ նախագիծը, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը․ Հայկ Սարգսյան

Իմ թիմակիցների մի մասը ողջունում է իմ օրենսդրական նախաձեռնությունը եւ հայտարարել են, որ իրենք նույնպես նման մտահղացում են ունեցել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նշենք, որ այդ օրինագծով հնարավորություն է տրվում վճարել 10 մլն դրամ եւ երկու տարվա փոխարեն ծառայել ընդամենը մեկ ամիս:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի այդ նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նաեւ նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ նրա կարծիքը դրական է. «Առավել մանրամասն չեմ ասի, թե ինչ է ինձ ասել պարոն Քոչարյանը: Եթե կարիքը գտնի, ինքը այդ մասին կհայտարարի»:

Հարցին, թե ինքը հաշվարկե՞լ է, թե քանի մարդ կցանկանա օգտվել այդ հնարավորությունից, եւ հնարավո՞ր է, որ ցանկացողներն այնքան շատ լինեն, որ սպառնալիք դառնա երկրի անվտանգության համար, նա պատասխանեց, որ այս պահին անհնար է նման հաշվարկ անել, կարելի է անել միայն ենթադրություններ:

Հայկ Սարգսյանը նաեւ նշեց, որ նախկինն իշխանությունների ժամանակ հնարավոր է եղել փողոց իրենց որդիներին ազատել բանակից, սակայն ոչ բոլորն են նման քայլի գնացել. «Ես, օրինակ, նախընտրել եմ ծառայել»: