Ամեն շաբաթ զոհեր ենք ունենում 2 կողմից, այդ զոհերը մեզ 1սմ անգամ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը. Աննա Հակոբյան

«Բոլոր չլուծված կոնֆլիկտներն անդրադառնում են կանանց վրա՝ առաջ բերելով աղքատություն, խոչընդոտելով կանանց անվտանգության, առողջապահական, կրթական և այլ իրավունքների իրացումը։ Եվ այս դեպքում ավելի խոցելի են հաշմանդամություն ունեցող և տարեց կանայք։
Ուստի այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է պետական մարմինների, կանանց տեղական և միջազգային ՀԿ-ների համագործակցությունը և ապակենտրոն գործունեությունը՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղաշինության և կարգավորման հարցերում»,- այս մասին այսօր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության համաժողովի ընթացքում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով, այժմ ոչ միայն կարևորվում է կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտներում կանանց ներգրավվածությունը, այլ նաև առանցքային է համարվում պաշտպանության համակարգում քաղաքականութան մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցությունը։

Անդրադառնալով «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողություններին՝ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ նշված խնդիրները եղել և շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարևոր մասը։

«Ես ուզում եմ շեշտել, որ անցած ուսումնական տարում մենք ունեցել ենք կին շրջանավարտներ 2 ռազմական ուսումնական հաստատություններից։ Այդ կանայք այսօր հաջողությամբ իրենց գործունեությունը շարունակում են սպայի ուսադիրների ներքո։  Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության միջոցառումներն ունեն 3 հիմնական նպատակ։ Դրանցից առաջինը պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ընդլայնումը և կին զինծառայողների թվի ավելացումը, որը մեզ համար առաջնահերթություն է։ Երկրորդ նպատակը զինված ուժերում ծառայող կամ ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ռազմական մասնագիտություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման և այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է»,- նշեց Բալայանը։

ՊՆ փոխնախարարի խոսքով, այժմ քայլեր են արվում, որպեսզի Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանում ևս աղջիկները կարողանան սովորել. «Այժմ աղջիկների համար նախատեսված կացարանի խնդիրներն ենք փորձում լուծել։ Մեր երրորդ նպատակը այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կին զինծառայողի ներուժը լիարժեք իրացվի և որտեղ կին զինծառայողները կլինեն ոչ թե արդեն ընդունված որոշումները կատարող, այլ հենց որոշում ընդունողները»։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կարծում է, որ զինված հակամարտությունները շատ ավելի արագ կարող են լուծվել, եթե ավելի շատ կանայք ներգրավված լինեն տարբեր հարթակներում։

«25 տարի է՝ մենք ունենք բանակցային գործընթաց, որը տարբեր ուղղություններով ընթացել է, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել։ Մենք նույն կետի վրա ենք, ինչ զինադադարի կնքման պահին։ Այս ընթացքում մենք ունենք սողացող պատերազմ, և 25 տարի՝ ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ զոհեր ենք ունենում 2 կողմից, այդ զոհերը մեզ 1սմ անգամ  չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը։ Եվ 2016 թվականին հակամարտող կողմերից մեկի մտքով անցավ, որ իրենք կարող են լայնամասշտաբ հարձակում սկսել և փորձել մի քանի օրվա ընթացքում լուծել հարցը և իրենց երազանքների կատարմանը հասնել։ Բայց այդ փորձն էլ ցույց տվեց, որ հրադարադրից 22 տարի անց իրենք ունեցան մոտ 1000 զոհ, մենք ունեցանք 100 զոհ, իսկ հակամարտությունը գտնվում է այն կետի վրա, ինչի վրա եղել է հրադադարի կնքման ժամանակ։ Այս հակամարտությունը կարող ենք ժառանգել մեր թոռներին, ծոռներին, իսկ մյուս տարբերակն այն է, որ հակամարտող կողմերի կանայք կոչ անեն դադարեցնել այս պրակտիկան, և ի վերջո, իսկապես նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք այսօր դրա համար ունենք բազմաթիվ լավ նախապայմաններ, միայն քաղաքական կամք է պետք։ Իմ ուղերձի նպատակն այն է, որ կանխվի հաջորդ զոհը»,- նշեց Աննա Հակոբյանը։