ՊՆ Գյումրիի ՌՈ բաժանմունքի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 22 մլն դրամ կաշառք ստանալու համար

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնդապետ Մ.Մուրադյանը, հանդիսանալով հետաքննության մարմնի պետ, 2011 թվականի հունիսի 20-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներքին քննությունների և անվտանգության բաժնի պետի, իսկ 2015 թվականի նոյեմբերի 30-ից  սկսած՝ ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնը, 2014 թվականի հոկտեմբերին իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մարտիրոսովից տեղեկանալով վերջինիս որդու՝ Վ.Մարտիրոսովի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 228-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  հանցագործություններ կատարելու հիմքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից միջպետական հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին, նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև ապօրինի անգործություն ցուցաբերելու նպատակով, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188  ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ Մ.Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, Է. Մարտիրոսովի հետ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս որդու՝ Վ.Մարտիրոսովի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նրա ՌԴ քաղաքացու անձնագրում ՀՀ-ից ելքի կնիք դնելու, հետագայում նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ տրամադրելու գործընթացները կաշառքի դիմաց կազմակերպելու վերաբերյալ:
Ապա, 2015 թվականի փետրվարի 11-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Է.Մարտիրոսովից բանկային փոխանցումների միջոցով մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝  ընդհանուր  22.149.188 ՀՀ դրամ կաշառք և շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝  չի կատարել իր ծառայողական պարտականությունները, չի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` Վ.Մարտիրոսովի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, ավելին՝ 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Վ.Մարտիրոսովին պահել է իր առանձնատանը՝ բնակության համար նրան տրամադրելով առանձնատանը կից օժանդակ շինության սենյակներից մեկը:
Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինակ միավորվելով: