Ավագանու անդամը նիստի էր եկել նորածին երեխայի հետ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն այսօր ավագանու արտահերթ նիստին ներկայացել էր երեխայի հետ։ «Եկեք ծափահարենք բոլորս։ Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակելով նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ փոքրիկը Գայանե Վարդանյանի երրորդ երեխան է։ Համաշխարհային պրակտիկայում երեխաների հետ աշխատանքի գնալու դեպքեր շատ են եղել։
Դեպքերից որոշները լավ, որոշներն էլ ոչ այնքան հաճելի ավարտ են ունեցել։ Օրինակ, օգոստոսի 8-ին Քենիայի պատգամավոր Զուլեյկա Հասսանին վտարել էին խորհրդարանի նիստերի դահլիճից՝ երեխայի հետ գալու համար։ Հասսանը պատմել էր, որ աշխատանքի է եկել 5 ամսական երեխայի հետ, քանի որ այլ ելք չի ունեցել, սակայն խորհրդարանը դա չի գնահատել:

Օրեր անց՝ օգոստոսի 22-ին, նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Նոր Զելանդիայի խորհրդարանում։ Սակայն այս պարագայում երեխայի ներկայությունը միայն դրական արձագանք էր ստացել։

Խորհրդարանի հատուկ հյուրը պատգամավորներից մեկի 1 ամսական փոքրիկն էր եղել, ում խորհրդարանի խոսնակ Թրևոր Մալարդ գրկել էր և շշով կերակրել՝ միևնույն ժամանակ վարելով նիստը:

«Սովորաբար խոսնակի աթոռն օգտագործվում է միայն նիստը նախագահողների կողմից, սակայն այսօր ինձ հետ այս աթոռը կիսում է շատ կարևոր մի անձ»,- իր թվիթերյան էջում գրել էր Մալարդը:

Եվ ահա, Հայաստանը որդեգրում է ավանդույթ, ըստ որի՝ պետական ապարատ փոքրիկի մուտքը միայն ծափերով և ժպիտներով է ընդունվում։