Երանի թուրքի ձեռով էթար իմ բալեն, քան իրա ծնունդի օրով՝ հայի․ զոհված զինծառայողի ծնողները ԱԺ-ի դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես ուզում եմ իմանալ իմ երեխուն ինչի՞ են սպանել։ Իր ծնունդի օրով։ Ես ամսի մեկին խոսել եմ նրա հետ, ասել է, մամ ջան, լավ եմ դիրքերում եմ։ Հաջորդ օրը՝ ծնունդն է, սպասում եմ, որ զանգի չկա, ես եմ զանգում, ասում են գուբախտ է, հետո ավելի ուշ, ինձ հայտնում են, որ որդիս սպանվել է»,- ԱԺ շենքի դիմաց դիմելով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ ասաց դեկտեմբերի 2-ին դեռևս չպարզված հանգամանքներում սպանված 21-ամյա զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մայրը՝ Գոհարը։
«Մենք գիտենք, որ եղել է սպանություն, թող մեր զինվորին չկպցնեն ինքնասպանության պիտակ։ Կա վիրավոր, մենք ուզում ենք հանդիպել նրան, նրա ծնողներին, չեն ասում՝ որտեղ են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: