Քննությունը կպարզի, որևէ ավել բան, քան հրապարակված է մամուլում, չեմ կարող ասել. վարչապետը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին | Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու լուրը, նշեց, որ, ըստ էության, կարող է ասել այն, ինչ հրապարակված է մամուլում.

«Հիշում եք՝ մի ժամանակ ՀՀ–ում կար Գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր։
Նոր այս լուրը կարդալով՝ Տիգրան Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել՝ համարելով, որ այն կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծրագիր է։ Ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որը էժան գին է առաջարկում, այլ մեկ այլ՝ «Ֆլեշ» ընկերությունից։ Սա է պատմությունը»։
Վարչապետը նշեց, որ կարծում է՝ գործի քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները․ «Որևէ ավել բան չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ ՀՀ երրորդ նախագահի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։