Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է նոր համակարգի և որևէ ցույց չի լինելու. Փաշինյան

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ  սպանդանոցների խնդրին։
Նա հիշեցրեց, որ երեկ խնդրի մասին խոսել է Ազգային ժողովում և հայտարարել, որ Կառավարությունը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգել սպանդանոցներում պարտադիր մորթը, ինչը հանրության կոնկրետ շրջանակների կողմից բացասական արձագանք չի ստացել։

Վարչապետը հայտարարեց, որ մինչև փետրվարի 6-ի նիստը պետք է ուսումնասիրել վարկային այն ծրագրերը, որոնք սուբսիդավորվում են կառավարության կողմից  և այսօր էլ կարող են արտոնյալ կարգով ֆինանսավորել սպանդանոցները: Դրան գումարվում են նաև լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի շարժական սպանդանոցների համար, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան դրանք լիզինգով ձեռք բերել:
Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է կազմվի ՀՀ-ում բաշխվածության ու խտության նախընտրելի քարտեզ, որ սկսեն հասցեական ֆինանսավորել:

«Այնպես ենք անում, որ սպանդանոցներն ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն»,- ասաց նա։
Միաժամանակ վարչապետը նշեց՝ այս ընթացքում պետք է նաև առաջարկներ ընդունեն, որ փաթեթն առավել արդյունավետ  գործի։
«Մենք պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կա դե ֆակտո այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է նոր համակարգին ու որևէ ցույց,  բողոքի դրսևորում և այլն չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանն այսօր ընդունելի է բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցների համար,  ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, ապա ասում ենք, որ այսօրվանից է այդ պայմանը գործում։ Այսինքն՝ եթե ընդունելի չէ, ապա թող այսօրվանից ընդունելի չլինի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Դիմելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ վարչապետն ասաց, որ այս ընթացքում քաղաքացիներին պետք է իրազեկել, թե սպանդանոցներն ինչ պայմաններում են գործում։