Մեր թանկարժեք ժամանակը ծախսեցինք «աբսուրդային բոլոլա» և մի «ահավոր բազառի» վրա. Լուսինե Բադալյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)

Ես ունեմ խորին համոզմունք, որ ներողություն է պետք խնդրել պարոն Պետրոսյանի պահվածքի համար ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլ նաև բոլորիցս, որ մեր թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարող էինք ևս մեկ օրինագիծ քննարկել, ծախսեցինք «աբսուրդային բոլոլայի», ներողություն արտահայտությանս համար, և «մի ահավոր բազարի» վրա:
Այս մասին Ազգային ժողովում, անդրադառնալով «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի շուրջ ծագած վեճին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նա հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ԱԺ պատգամավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, և չի կարելի ընդհատել:
«Ես շատ երկար, մեկ տարի հետևում եմ և ունեմ մշակած ստատիստիկա, որ երբ պատգամավորն այստեղից ելույթ է ունենում, հիմնականում հենց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն են նրանց ընդհատում, երկխոսությունների վերածում: Կարելի էր այս ամենից խուսափել ընդամենը ներողություն խնդրելով, եթե մարդիկ նույնիսկ ճիշտ չէին հասկացել: Ինչ վերաբերում է երեք տառին, ապա այստեղ հորդորում եմ պարոն Պետրոսյանին մի քիչ զգույշ այդ երեք տառը օգտագործել, որովհետև, ինչ գիտես, թե ով ինչ կհասկանա այդ երեք տառի մեջ, և ում դեմ էր պետք պայքարել»,-ասաց նա:
Հայտնենք նաև, որ Ազգային ժողովում պատգամավորների միջև ծագած վեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց որոշ պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոց է կիրառում: