Ո՞վ է ՌԴ նոր վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը

Հունվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային Ժողովին ուղղված ելույթից հաշված ժամեր անց, վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անակնկալ կերպով հայտարարեց իր հրաժարականի մասին, հավելելով, որ կաբինետի բոլոր անդամները նույնպես պետք է հրաժարական տան:

Շատ չանցած՝ Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: 

«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ՝ նրան առաջարկելով զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Համաձայնություն ստանալով՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարկմանը»,- ասված է մամլո ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Նշվում է նաև, որ ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Դմիտրի Մեդվեդևի կառավարությանը և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով՝ մինչև նոր կաբինետի ձևավորումը։

ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Ինչ վերաբերում է վարչապետի նոր թեկնածու Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին, հարկ է նշել, որ նա ծնվել է 1966-ի մարտի 3-ին՝ Մոսկվայում:

1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը, 1992-ին նույն ուսումնական հաստատությունում ավարտել ասպիրանտուրան: Ուսումն ավարտելուց հետո ղեկավարել է Մոսկվայի թեստային լաբորատորիան, իսկ ավելի ուշ ստանձնել է Համակարգչային միջազգային ակումբի (IWC) ղեկավարումը:

1998-ին աշխատանքի է անցել ՌԴ հարկային ծառայությունում՝ հարկային վճարումների հաշվառման և վերահսկման տեղեկատվական համակարգերի օգնականի պաշտոնում:

Երեք տարի անց աշխատել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունում, իսկ 2008 թվականից զբաղվել է մասնավոր բիզնեսով:

Արդեն 2010 թվականի ապրիլին Միշուստինը նշանակվել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վարչապետի թեկնածուն գրել է մի շարք գիտական ​​աշխատություններ, որ վերաբերում են պետական ​​հարկային վարչարարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների մեխանիզմներին, ֆիսկալ քաղաքականությանն ու կառավարման հիմունքներին:

2010 թվականից ի վեր, որպես հարկային մարմնի ղեկավար, Միխայիլ Միշուստինը Հարկային ծառայությունում պայքար է մղել փողերի լվացման, կեղծ տվյալների դեմ, հայտնի է նաև ԱԱՀ-ի չարդարացված վերադարձման նախկին սովորությունն արմատախիլ անելով: Միշուստինը տնտեսագիտության դոկտորի կոչում ունի: Ամուսնացած է, ունի երեք որդի: