Վանեցյանը հերքում է պահանջում Փաշինյանի լրատվամիջոցից

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու
Արամազդ Կիվիրյանը Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները հերքելու պահանջ են ներկայացրել։
Լուսինե Սահակյանի գրառումն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև․
www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ նյութ:
Նշված հրապարակման մեջ տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկություններ։
«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան։
Եթե նշված հրապարակումը ոչ թե չարամտության դրսևորում է, միտումնավոր ապատեղեկատվություն տարածելուն ուղղված քայլ, այլ պարզապես թյուրիմացություն, ապա խելամտության պահանջն է, որ նշված նյութի հեղինակը հերքի իր իսկ տարածած զրպարտությունն ու ապատեղեկատվությունը առանց դատական գործընթացի։
Ներկայացնում ենք նաև հերքման տեքստն ու լրատվության միջոցին ուղղված գրությունը։
«ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

(հասցե`ՀՀ, ք.Երևան, Իսրայելյան 37)

ԱՐԹՈՒՐ ԳԱԳԻԿԻ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ ԵՎ ԱՐԱՄԱԶԴ ԿԻՎԻՐՅԱՆԻՑ

(հասցե` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 5, գրասենյակ 20)

Դ Ի Մ Ո Ւ Մ

(հերքում տարածելու պահանջի վերաբերյալ)

12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ նյութը:

Նշված հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն հանդիսացող արտահայտություններ։

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը (մաս 1-ին):

Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին (մաս 2-րդ):

Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է (մաս 3-րդ):

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով (մաս 9-րդ):

Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք, սույն դիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.armtimes.com կայքում հրապարակել սույն դիմումին կից ներկայացվող հերքման տեքստն ամբողջությամբ, առանց փոփոխության, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան։

Կից ներկայացվում են՝ հերքման տեքստը, լիազորագրերը, ինչպես նաև փաստաբանական գործունեության թիվ 999 և 800 արտոնագրերի պատճենները»։