Փաշինյանի միլանյան ելույթն ընդհատած ու վարչապետին հարց հղած ադրբեջանցի «բլոգերը» թեկնածությունն առաջադրել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերը» առաջադրել է իր թեկնածությունը փետրվարի 9-ին Ադրբեջանում կայանալիք պատգամավորական ընտրությունների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արցախցի ակտիվիստ Ալեն Ղուլյանը։
Այս մասին գրում է regionmonitor-ը։

Ինչպես հայտնի է՝ 2019թ․ նոյեմբերի 20-ին Միլանի հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում Փաշինյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ եկեղեցի էր ներխուժել ոմն ադրբեջանցի բլոգեր և ՀՀ վարչապետին հարցեր ուղղելու թույլտվություն խնդրել։ Նա կոչ էր արել «դադարեցնել պատերազմը», ինչպես նաև՝ «ճանաչել ադրբեջանցիների ցեղասպանությունը»։

Ներկաները փորձել էին անմիջապես դուրս հրավիրել անկոչ հյուրին, բայց վարչապետ Փաշինյանը թույլ էր տվել նրան հնչեցնել իր հարցերը և անգամ տեսագրել այդ ընթացքը, ապա կետ առ կետ պատասխանել ադրբեջանցի սադրիչին, որից հետո վերջինս հեռացել էր։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ բլոգեր ներկայացած ադրբեջանցին Աթա Աբդուլաևն է, ով  կապված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, Ոստիկանությանը կից հանրային խորհրդի անդամ է և ժամանակին անցել է քրեական գործով: