Եղվարդի ծննդատան պետական ֆինանսավորումը կարող է երկարաձգվել մեկ տարով. Արսեն Թորոսյան

Եղվարդի ծննդատան պետական ֆինանսավորումը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով, եթե պարզվի, որ այն համապատասխանում է տեխնիկական հագեցվածության եւ անձնակազմի առնչությամբ նախարարության սահմանած չափորոշիչներին: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի մարզերում որոշ ծննդատների ֆինանսավորումը դադարեցվում է այս տարվանից, քանի որ այդ ծննդատներում ընդունում են գրեթե 150 ծնունդ, իսկ 150-ը նվազագույն շեմն է: Եղվարդի ծննդատանը 2019 թվականին ծնվել է 136 երեխա. այդ թիվն ամենից մոտն է անհրաժեշտ նվազագույնին, այդ պատճառով, եթե ծննդատունը համապատասխանի այլ պահանջներին, ապա ֆինանսավորումը կերկարաձգվի եւս մեկ տարով: Եվ եթե 2020 թվականին այդ ծննդատանը ծնված երեխաների թիվն աճի, ապա ֆինանսավորումը կշարունակվի նաեւ առաջիկա տարիներին:

Նախարարի խոսքով՝ տարբեր բուժհաստատություններում ծննդաբերական բաժանմունքների հետ կապված որոշումը դժվար թե փոխվի, քանի որ այնտեղ ոչ միայն շատ քիչ երեխաներ են ծնվում, այլ նաեւ այն պատճառով, որ դրանք չեն համապատասխանում ո՛չ տեխնիկական հագեցվածության, ո՛չ անձնակազմի առնչությամբ պահանջներին:

Նախարարի խոսքով՝ ֆինանսավորումը դադարեցվել է միայն այն բուժհաստատությունների համար, որոնցից ոչ հեռու՝ 10-30 կմ հեռավորության վրա, գտնվում են այլ ծննդատներ, որոնք ծառայություններ են մատուցում բարձր մակարդակով:

Նախարարը նաեւ նշեց, որ այդ որոշման արդյունքում ոչ մի բուժհաստատություն չի փակվում:

«Մարդկանց մոտ տպավորություն է, թե մենք փակում ենք որոշ հիվանդանոցներ, ծառայություններն անհասանելի ենք դարձնում: Հակառակը, առողջության առաջնային պահպանման ոլորտում ծառայություններն ու խորհրդակցությունները պահպանվում են եւ կզարգանան, պարզապես որոշ բաժանմունքներ կդադարեցնեն ստացիոնար բժշկական ծառայություններ տրամադրել»,- ասաց նա:

Խոսելով բուժաշխատողների ճակատագրի մասին, որոնք ֆինանսավորման դադարեցման արդյունքում առանց աշխատանքի են մնացել, նախարարը նշեց, որ շատերը, որոնք աշխատել են ծննդաբերական բաժանմունքներում, աշխատել են նաեւ այլ բաժանմունքներում:

«Մենք պատրաստ ենք քննարկել այն մարդկանց աշխատանքի տեղավորման հարցը, որոնք չեն կարող աշխատել այլ ոլորտներում եւ բաժանմունքներում»,- հավելեց նախարարը: