«Մարտի 1»–ի զոհերի հարազատներից հետո ամենամեծ տուժածներից մեկը մեր ընտանիքն է. Լևոն Քոչարյան

«Անկախ նրանից, թե այն ժամանակ մարդիկ բարիկադի որ կողմում էին, իհարկե, շատ ցավալի են այդ դեպքերը, շատ ցավալի է զոհեր ունենալու հանգամանքը»,- Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` ցավակցելով «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին:

Նա նշեց, որ երևի չի չափազանցնում և այդ դեպքերից ամենամեծ տուժածներից, զոհերի հարազատներից հետո, համարում է իրենց  ընտանիքը, քանի որ այդ ամենը անարդարացիորեն առաջին օրից նպատակաուղղված փորձեցին կապել իրենց հետ:

«Հույս ունեմ, որ մի օր կբացահայտվի այս ամենը, քանի որ այն դատավորությունը, որի ականատեսն ենք լինում հիմա, բազմիցս ասվել է, որ կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ, սա քաղաքական պրոցես է, որը կոնկրետ քաղաքական, անձնական նպատակ է հետապնդում՝ ամեն գնով կալանքի տակ պահելու հորս»,- ասաց նա:
Լ. Քոչարյանը նշեց, որ երբևէ զոհերի հարազատների հետ չի խոսել, սակայն խնդիր չունի:

«Ես, իմ ընտանիքը, հայրս, ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ: Ինձ հետաքրքիր է, թե իրենք փորձե՞լ են այսօրվա վարչապետին հարցեր ուղղել, թե ինչու էր այն ժամանակ մարդկանց կոչ անում զինվել, ապստամբել, ինչո՞ւ էր հրճվում, երբ ոստիկաններից խլվում էին վահանները, մահակները, ինչո՞ւ էր ասում, որ պետք է այսօր ազատվել ղարաբաղցի տականքներից: Լավ, վերջիվերջո ինչո՞ւ թողեց ու փախավ այդ օրը, գոնե բարոյական առումով այդ հարցի պատասխանը իրենք  ստացե՞լ են, թե՞ ոչ: Միգուցե, հասկանում եմ, որ մեծ մասը, եթե ցույցերին մասնակցել է, ապա այն ժամանակ իշխանությանն ընդդիմադիր է եղել, բայց արդյո՞ք չեն տեսնում ուղիղ կապ զոհեր լինելու հանգամանքի և այդ ժամանակ ցույցերի ղեկավարների գործողությունների մեջ: Մտածված տարել այն այդ ամենին, ինչի արդյունքում եղել է այդ զոհերը»,- ասաց նա:

Հարցին՝ տեղյա՞կ եք, «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին արդյոք հրավիրել էին այս կոնֆերանսին, արձագանք եղե՞լ է, Լ. Քոչարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ. «Հաշվի առնելով, որ նրանք հենց ամենասկզբից մեղավոր են որոշել, չեմ կարծում, որ իրենց կողմից նման տրամադրվածության պայմաններում իմաստ ունի իրենց հրավիրելը կամ իրենց հետ քննարկելը»:

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք տանը «Մարտի 1»-ի դեպքերի հետ կապված քննարկումներ ունեցել են, ի՞նչ է ասել Ռ.Քոչարյանն այդ դեպքերի վերաբերյալ: Նա դժվարացավ հիշել նման քննարկում՝ նշելով, որ  հայրը գործի հետ կապված թեմաներ երբեք չի քննարկել տանը, իսկ պաշտոնավարումից հետո խոսել են:

«Հիմնական զոհերը եղել են չվերահսկվող տարածքներում, այսինքն՝ անհանգստություն ունեցել է: Նա միշտ ակնկալիք է ունեցել, որ պետք է գտնվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են, որոնք կրակել են»,-ասաց Լ.Քոչարյանը