Չինաստանի բանտերից մեկում 200 բանտարկյալ նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգում Ժենչենի բանտում COVID-19 կորոնավիրուսի զանգվածային վարակումներ են եղել: Փետրվարի 20-ի դրությամբ վարակվել է 200 բանտարկյալ և անվտանգության 7 աշխատակից, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով նահանգի կառավարության տարածած հայտարարությանը:


«Կորոնավիրուսային վարակի բռնկում է տեղի ունեցել Շանդուն նահանգի Ցզինին քաղաքային շրջանի Չենչենի բանտում, փետրվարի 20-ի դրությամբ ուղղիչ հաստատության տարածքում ավարտվել է ստուգումը, որի արդյունքների համաձայն հաստատվել է վարակման 207 դեպք»,- ասվում է հայտարարության մեջ:
Ստուգման է ենթարկվել 2077 մարդ: Նշվում է, որ բոլոր վարակվածները մեկուսացվել են և բուժում են ստանում:
Նահանգային իշխանությունները հաղորդել են, որ փետրվարի սկզբին անվտանգության որոշ աշխատակիցներ հազի ախտանշաններ են ունեցել, իսկ փետրվարի 12-ին նրանցից մեկին սուր հազի պատճառով տեղափոխել են կարանտինային գոտի, փետրվարի 13-ին վերջինիս ախտորոշումը հաստատվել է:
Դրանից հետո բանտային ղեկավարությունը և նահանգային իշխանություններն անհապաղ միջոցներ են ձեռնարկել բանտում հիվանդության տարածումը կանխելու համար, սակայն արդեն ուշ է եղել:
Դեպքի կապակցությամբ նահանգի արդարադատության վարչության ղեկավար Ցզե Վեյցզյունը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: