2012-ին Գյումրիում սպանված երիտասարդի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին

2012 թվականի ապրիլի 12-ին, իր նշանադրության օրը, Գյումրիում դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայց է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Հայցը կլսվի փետրվարի 18-ին` ժամը 11-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում։

Ինչպես պարզաբանել է Անահիտ Իսկանդարյանը, նախկին նախագահին դատի տալու պատճառն այն է, որ վերջինս 2018 թվականի մարտի 31-ին ներում է շնորհել և 4 տարի վեց ամիս ժամկետով կրճատել սպանության մեղադրանքով դատապարտված Հարություն Սարգսյանի ազատազրկման ժամկետը։

Անահիտ Իսկանդարյանը նաև բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իր իրավասության շրջանակներում չեղյալ համարել Սերժ Սարգսյանի կողմից շնորհած ներումը։

Հիշեցնենք, որ սպանված երիտասարդը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր: