Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. հիվանդը ՀՀ քաղաքացի է, որը ժամանել է Իրանից. այսօր կմեկուսացվի ևս 30 քաղաքացի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից:
«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք, ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից։


Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին։
Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։
Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաև, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես և նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ և չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։
Թեհրանում և օդանավի մեջ բոլոր ուղևորները եղել են դիմակներով, օդանավից և օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։
Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձևակերպել է պացիենտի և նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով և բժշկական ձեռնոցներով։
Այն տաքսիները, որոնցով պացիենտն օդանավակայանից տուն և տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն և նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ՝ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։
Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս կհրավիրի և կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։ Կոչ եմ անում պահպանել հանգստություն և վստահել միայն կառավարության կողմից տարածվող լուրերին»։