Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 361-ի

Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությանը:

«Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, 2296 մարդու վիճակը ծանր է գնահատվում, 475 անձ դուրս է գրվել հիվանդանոցներից, մահվան դեպքերը հասել են 361-ի: Ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 21 558 ենթադրյալ դեպք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ կառույցի հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք:
«Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: