Հայաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 40 մարդ, որոնցից 26-ը արդեն դուրս է գրվել

Հայաստանում կորոնավիրուսի կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրսգրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները:
Այս մասին հայնտում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողությունն առավել արդյունավետ  դարձնելու համար առողջապահության նախարարության մասնագետները դեռևս հունվարի 27-ից գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր: Նշված օրվանից մինչ օրս Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի:
Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Այս պահին իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է, նոր կորոնավիրուսային վարակով դեպքեր չեն արձանագրվել, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ համագործակցված շահագրգիռ կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին և բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից: