Նորածնին վաճառելու մեղադրանքով ձերբակալել են 6 անձի, այդ թվում՝ երեխայի մորը և երկու բժշկի

Վրաստանի ֆինանսների նախարարության աշխատակիցները քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 6 անձի` նախնական պայմանավորվածությամբ անչափահասին վաճառելու փաստով:
Ձերբակալվածների թվում է նաև երեխայի մայրը և բժշկական հաստատության երկու բժիշկ:
Ձերբակալվածներից մեկը նախորդ տարի դատապարտված է եղել նմանատիպ հանցանքի փաստով:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն անձնական նյութական շահ ստանալու նպատակով որոշել են վաճառել անչափահասի, իսկ ստացած գումարը բաժանել իրար միջև:
Ինչպես հայտնում է վրացական 1tv-ն, մեղադյալները, նշված հանցանքը կատարելու նպատակով, գտել են երեխա գնել ցանկացող անձ, որից երեխան գնելու դիմաց պահանջել են 13 000 դոլար: Հանցավոր գործողությունը կոծկելու նպատակով, նախնական պայմանավորվածությամբ, երեխայի մայրը հղիության ընթացքում համապատասխան բժշկական պրոցեդուրաներ անցնելու և ծննդաբերելու ժամանակ գրանցվել է այլ անձի անուն-ազգանունով:
Քննչական ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի բոլոր 6 անդամներին, իսկ նորածնին ժամանակավորապես փոխանցել են պետական խնամքի և թրաֆիկինգի զոհերի տուժածների օգնության գործակալության: 
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 143-րդ երկրորդ պրիմ հոդվածով, որը սահմանվում է  14-17 տարվա ազատազրկում: