Փետրվարի 8-ից 18-20 աստիճանով կցրտի

Փետրվարի 8-ից կտրուկ կցրտի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա օրերին ենթարկվելու ենք ջերմային սթրեսի։ Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով»,- նշել է նա:

Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ին՝ շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում տեղումներ են սպասվում, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։

Ամսի 6-7-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Շիրակի, Գեղարքունիքի մարզում, Կոտայքի լեռնային շրջաններում փետրվարի 9-11-ը գիշերը կլինի -27...-30 աստիճան:

Երևանում փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին` ձյան տեսքով։ Փետրվարի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամսի 9-11-ը գիշերը -10...-16 աստիճան ցուրտ է սպասվում: