Բանակում մահերի հիմնական պատճառը քրեական տարրերի առկայությունն է. Խաչատրյան

«Ոչ պատերազմական պայմաններում բանակում մահերի հիմնական պատճառը քրեական տարրերի առկայությունն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով, զորամասում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե դա հանրության մեջ չլինի. «Իսկ այդ քրեական մշակույթը հասարակությունից բանակ տանելը վտանգավոր է, քանի որ զենքի հետ գործ ունեցող մարդու հետ արդեն առնչություն ունենք»։

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ բանակում միջանձնային խնդիրները վերջին շրջանում մեծ թափով զարգանում են, Խաչատրյանը պատասխանեց, որ միջանձնային խնդիրների հետևանքով ամեն տարի գրեթե նույն թվով զոհեր են լինում, բայց ամեն ինչ պետք է անել, որ մահվան 1 դեպք անգամ չգրանցվի։
«Այո, քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է, որ ազդում է ծառայության վրա։ Քրեական օրենսգրքում լրացումներ են կատարվում, որպեսզի քրեական ենթամշակույթը վերացվի։ Այդ ենթամշակույթին հարելն այժմ դիտարկվում է որպես հանցագործություն։ Կրկնում եմ, քրեական գործերի քննության ավարտից հետո մենք կարող ենք եզրահանգումներ անել և հասկանալ՝ ինչ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,- նշեց Խաչատրյանը։
Նա վստահեցրեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովն անընդհատ քննարկում է՝ ինչպես խաղաղ պայմաններում բացառել  բանակում մահերը. «Բավականին լուրջ, խորը, բազմակողմանի ուսումնասիրություններ են լինելու, և հանձնաժողովն իր կարծիքը հայտնելու է»։
Դիտարկմանը, որ հաճախ խնդիր է լինում ոչ թե զինվորների, այլ զինվորների և սպայական անձնակազմի միջև, այս դեպքում խնդիր կա՞ սպաների հետ աշխատանք տանելու, Խաչատրյանը արձագանքեց՝ սպայական անձնակազմը միշտ կարիք ունի ավելի զարգանալու, ավելի պրոֆեսիոնալ դառնալու։
«Ոլորտում գրավչությունն ընդհանրապես պետք է մեծացնել, որպեսզի մարդիկ փորձեն իրենց ապագան տեսնել ծառայության մեջ, ցանկանան սպա դառնալ։ Միշտ էլ կա այդ խնդիրը. Սպաների որակական բարձրացումը միշտ առաջնահերթ է։ Ես չեմ կարծում, երբ մի օր մենք գոհ կլինենք և կասենք՝ բան չկա անելու այս ոլորտում։ Դա շարունակական գործնթաց է։ Արագ ու գործուն միջոցներ պետք է ձեռնարկել այս ուղղությամբ»,- ասաց Խաչատրյանը։