Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում. Նիկոլ Փաշինյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  վարչապետի ուշադրությանը հրավիրեց բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին. 2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։
Վարչապետը նշեց, որ այսօրվա դեպքի հետ կապված մանրամասն զրույց է ունեցել և՛ պաշտպանության նախարարի հետ, և՛ Գլխավոր շտաբի պետի հետ և ասել է, որ այս խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում։
«Խնդիրն այն է, որ գենետիկ մակարդակում նույնիսկ այս խնդիրը պետք է ախտորոշենք, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական կրթամշակույթի արտահայտման ձևերից է։ Հանգամանքների բերումով եղել եմ քրեակատարողական հիմնարկում, տեսել եմ, թե ինչ հասկացություններով մարդուն ոտքի վրա ոչնչացնում, ջարդում ու հողին հավասար են սարքում»,-ասաց Նիկոլ Փաշինյան: