«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ամորձիները մեխել է աթոռին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հարություն Բ-ն երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Նա ամորձիները մեխել է աթոռին, քանի որ քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկները հրաժարվել են նրան տրամադրել անհրաժեշտ չափի դեղորայքը։
Դեպքի մասին ահազանգել է Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն։

«Իմ պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայի նմանվող հիվանդությամբ և նրան անհրաժեշտ է պարբերաբար ընդունել հանգստացնող դեղորայքը։ Երեկ բժիշկները հրաժարվել են որևէ բուժօգնություն տրամադրելուց։ Երբ ես պահանջեցի բժշկի հետ հանդիպում, նա չեկավ, պատճառաբանելով, որ գործադուլ են հայտարարել։ Այնինչ այդ ժամանակ Հարությունի առողջական վիճակը լավ չէր, նրա մոտ գլխապտույտներ ու ցնցումներ էին սկսվել, առանց այդ դեղորայքի իմ պաշտպանյալի մոտ ուշագնացություններ են առաջանում»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնել է կալանավորի պաշտպան Էդգար Թովմասյանը։