Վթարի ենթարկված երթուղայինի խմած վարորդը դիսպետչերական կետում զննություն չի անցել, եթե տուժողներից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է քրեական հետապնդումը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր հարբած վիճակում վթարի ենթարկված երթուղայինի վարորդին:
Կարապետյանը նշել է, որ Իսակովի պողոտայում ավթարի ենթարկված վարորդն առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:

«Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:
Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:
Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որեւէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաեւ քրեական հետապնդումը»,-գրել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։