Դիլիջանի ոլորաններում «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվելով՝ հայտնվել հաջորդ ոլորանի ճամփեզրին. կա զոհ

Փետրվարի 26-ին, ժամը 03:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Այս մասին «Առաջին Լուրեր»-ին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Հ.-ն ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվելով հայտնվել հաջորդ ոլորանի ճամփեզրին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ ուղևոր Կարինե Կ.-ն (ծնված 1989 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին դուրս բերել ավտոմեքենայից: Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից: