Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է գրեթե 100 մարդ. երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 611-ի

Իրանում վերջին մեկ օրում կորոնավիուսի հետևանքով գրեթե 100 մարդ է մահացել: Փետրվարի 19-ից հետո կորոնավիրուսի զոհ Է դարձել ավելի քան 12,7 հազար վարակվածներից 611-ը: Այս մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն, գրում է ria.ru-ն:


«Մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 365 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12 729-ի։ Մեկ օրում ևս զոհվել է 97 հիվանդ, ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 611-ի»,- թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է նա: Նրա խոսքով՝ Իրանում կորոնավիրուսից ապաքինվել է 4 339 մարդ:
Նույն տեղեկությունը հաստատել է նաև Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։
ԱՀԿ-ն երեկ Եվրոպան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի կենտրոն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։ «Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,- հավելել է Գեբրեյեսուսը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։