«Մենք պատերազմի մեջ ենք և մեր թշնամին անտեսանելի է». Ֆրանսիան անցնում է 15-օրյա մեկուսացման ռեժիմի

Մենք կորոնավիրուսի դեմ պատերազմական իրավիճակում ենք գտնվում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայտարարելով երկրում նոր սահմանափակումների մասին, հայտնում է The Local-ը։


«Մեք գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Սա, իհարկե, պատերազմ է առողջության համար, սակայն պատերազմ է»,- հայտարարել է նախագահը՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ նոր եւ առավել խիստ միջոցների մասին։ «Ես խնդրում եմ ձեզ մնալ տանը եւ հանգստություն պահպանել։ Սկսած վաղը կեսօրից՝ բոլոր տեղաշարժերը խիստ կսահմանափակվեն»։ Նրա խոսքերով՝ Ֆրանսիան անցնում է 15-օրյա մեուսացման ռեժիմի՝ բոլոր տեղաշարժերը կրճատելով մինչեւ խիստ անհրաժեշտություն։

«Դուք կարող եք դիմել բժշկական օգնություն ստանալու համար, գնալ աշխատանքի, եթե անհրաժեշտ է, եւ զբաղվել ֆիզիկական վարժություններով, սակայն դուք չեք կարող հանդիպել ընկերների հետ փողոցում»,- ասել է նախագահը։ «Դուք այլեւս չեք կարող տեսնել ձեր հարազատներին։ Կթույլատրվեն միայն գնալ սուպերմարկետներ, դեղատներ եւ աշխատավայրեր, եւ հնարավորինս շատերը կաշխատեն տնից։ Բոլորը պետք է միավորվեն հասնելու համար միակ նպատակին՝ դանդաղեցնել համաճարակի տարածումը»,- ասել է նախագահը՝ հավելելով․ «Ես խնդրում եմ ձեզ խուճապի չմատնվել։ Մենք կհաղթենք»։

«Նախկինում երբեք Ֆրանսիայի պատմության մեջ ստիպված չենք եղել նման բացառիկ միջոցներ ձեռնարկել խաղաղ ժամանակներում»,- ասել է Մակրոնը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում բոլոր, այդ թվում թոշակային բարեփոխումների դադարեցման մասին։