2-ից մինչև 50 վարձու աշխատակից ունեցող որոշ ընկերությունների միանվագ դրամաշնորհ կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման հինգերորդ միջոցառումը» հաստատելու հարցը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվող գործիքը  խրախուսելու է նրանց, որոնք չնայած դժվար ժամանակներին՝ պահպանել են աշխատանքի տեղերը և աշխատավարձերը։
Կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք ունեցել են 2-50 վարձու աշխատակից  տնտեսավարողները, իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Հաշվի է առնվելու այն հանգամանքը, որ  այս տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը պահպանած լինեն աշխատավարձի ֆոնդը։ Այդ դեպքում կօգտվեն միանվագ դրամաշնորհներից։ 

«Բացառություն են բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների և ֆոնդերի, վիճակային խաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նախատեսվում է միանվագ դրամաշնորհը տրամադրել  յուրաքանչյուր 5 աշխատակցի հաշվով։ Յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է որպես միանվագ դրամաշնորհ։ Նախարարը տեղեկացրեց, որ այն կազմակերպությունները, որոնք ունեցել են մինչև 5 աշխատակից՝ ուղղակի միջին աշխատավարձի չափով վերադարձ է կատարվելու։