Գյումրիում թոքերի խնդիրներով 74-ամյա տղամարդ է մահացել

Գյումրում 74-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ շնչառական հիվանդություն է եղել։ Տղամարդուն նախօրեին «Շտապօգնությունով» տարել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր զննեումից հետո նրան ուղարկել են պոլիկլինիկա։

Պոլիկլինիկայից հայտնել են, որ հիվանդանոցից խորհուրդ են տվել թոքերի հետազոտություն անցկացնել, ինչը արել են, պարզվել է, որ տղամարդու  աջ թոքում հեղուկ կա։
Բացի այդ՝ տղամարդը հազ է ունեցել։ Հիվանդանոցից news.am-ին հայտնել են, որ տղամարդը մի քանի անգամ սրտի կաթված է տարել նախկինում։

Մահվան հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, պարզ կդառնա դիահերձումից հետո։

Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, որ տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում  մինչեւ օրս կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել։ 

 «Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել: Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»,- գրել է նա։