Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից շուրջ 800 մարդ է մահացել

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդութունից մահացածների թիվը մեկ օրում կազմել է շուրջ 800 մարդ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտնել է Քաղպաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:

Վերջինիս խոսքով՝ սա նոր հակառեկորդ է երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4825 մարդու:
«Ցավոք, այսօր 793 մահ է գրանցվել մեզ մոտ: Սակայն ուզում եմ ընդգծել, որ մենք չենք տարանջատում «կորոնավիրուսով» մահացածներին և «կորոնավիրուսից» մահացածներին»,- ասել է Բորելին: Երկրի ողջ տարածքում վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 42 681 մարդ, որը 4871-ով ավելին է նախորդ օրվանից: Ապաքինվածների թիվը գերազանցել է 6000-ը:
Իտալիայում վիրուսի տարածման առաջին դեպքերը գրանցվել են փետրվարի 21-ին: Մարտի 10-ից ի վեր երկրում խիստ կարանտին է սահմանված: Վենետո մարզի ղեկավարը հրահանգել է սուպերմարկետները ևս փակել կիրակի օրերին: