Օղակաձև զբոսայգու մեջ տրվել է նոր շինթույլտվություն. Դավիթ Խաժակյանը քաղաքապետից պատասխան է ակնկալում

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել և կից լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Երևանի օղակաձև զբոսայգու վերջնամասում՝ Հայաստանի մանկավարժական համալսարանի դիմացի հատվածում Երևանի քաղաքապետի կողմից շինարարություն իրականացնելու թույլտվություն է տրվել:
Երևանի ավագանու անդամի գրառումը՝ ստորև.


«Չորս ամիս առաջ օղակաձև զբոսայգում նկատեցի շինարարական աշխատանքներ` Մանկավարժական համալսարանի դիմաց: Մոտեցա, նկարեցի նախագիծը և հիշեցի, որ դա երբեմնի «Բոչկայի» տարածքում է արվում:
Չմտաբերեցի արդյո՞ք այն բետոնի հիմքի վրա էր թե՞ ոչ, բայց որոշեցի հարցը չբարձրաձայնել: Ճիշտ է, ստացվում է զբոսայգու մեջ տրվել է նոր շինթույլտվություն, բայց արդեն կանխատեսում էի, որ իմքայլականները կմեկնաբանեն, որ սա նախկինի մեղքն է, իսկ իրենք պարզապես նույն տարածքի վրա տվել են նոր շինթույլտվություն:
Այսօր մի քաղաքացի զանգահարեց և դժգոհեց այդ շինարարությունից:
Հարցնում էր այդ ո՞նց է լինում, որ հեռուստացույցով հայտարարում են կանաչապատ տարածքների ազատման մասին, իսկ իրականում այգու մեջ նոր շինթույլտվություն են տալիս: Հուսամ, երբ քաղաքապետը վերադառնա Հայաստան, կպատասխանի այս հարցին»: