Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքը մեզ համար անկառավարելի զարգացում է ունեցել. վարակի դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի համավարակի և երկրում արտակարգ դրության հետ։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 249 դեպք՝ 14 դեպք ավելի, որոնցից երկուսը բուժվել են։
«Պացիենտների մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մեծ մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որևէ բժշկական միջամտության և նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,- նշեց վարչապետը։
Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։
«Հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները: Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում»,- նշեց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքն անկառավարելի զարգացում է ունեցել. վարակի դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում: