Աշխարհը որում ապրում էինք հունվարին, այլևս նույնը չի լինելու կորոնավիրուսից հետո. Փաշինյան

Մենք այսօր ազնիվ, արդար մեզ մոտ տեղի ունեցող ամբողջ ինֆորմացիան հրապարակում ենք, այստեղ մեզ համար ռիսկեր է առաջանում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ և ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները։ Ես, որ նայում եմ վիճակագրությունները, այնքան էլ վստահ չեմ, որ բոլոր երկրներն են այս կանոնին հետևում։ Այստեղ մեզ համար ռիսկեր է առաջանում, շատ շուտով կարող է պարզվել, որ Հայաստանը կորոնավիրուսի ամենածանր վիճակում գտնվող երկիրն է, բայց իրականում մենք գիտենք, որ լրիվ հակառակն է»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված Հայաստանը բոլոր առումներով ամենալավ վիճակում գտնվող երկրներից է․ «Մինչև այս պահը եկեք, նայենք, տեսնենք՝ աշխարհի սուպերմարկետների ցուցափեղկերում ինչ վիճակ է, Հայաստանում ինչ վիճակ է»,- նշեց նա։

Տնտեսությանը հասցվող վնասների մասին խոսելով վարչապետը ընդգծեց.«Առնվազն 150 մլրդ դրամի Կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլև կոնկրետ մարդկանց՝ համոզված լինելով, որ մեր աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց։ Ծրագիրը հետևյալն է՝ այն ընկերությունները, որոնք դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարներն անելու համար, Կառավարությունը այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի 0 տոկոսով։ Իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով»,- հայտնեց վարչապետը։

Շարունակելով խոսել ներկա իրավիճակի մասին վարչապետն ասաց. «Այն աշխարհը, որում ապրում էինք հունվարին, հիմա էլ նույնը չէ: Եթե մարդիկ առաջ նախընտրում էին պիցցա, կոնյակ ապա հիմա չենք կարոող նման բան ասել, քանի որ չգիտենք մարդիկ ինչի վրա գումար կծախսեն՝ կորոնավիրուսից հետո: Տնտեսական հեղափոխության ժամանակը իսկապես եկել է: Սա զրոյական իրավիճակ է և լավ հնրավարություն, որ սկսենք ամեն ինչ զրոյից: Ամենամեծ պրոբլեմը անորոշությունն է, երբ չգիտես թե ինչ է լինելու հինգ ամիս հետո, ոչ միայն առողջապահական այլ տնտեսական ու ֆինանասական առումով: Հիմա աշխարհի բորսաները կանգնած են ու դեռ անորոշ է այս համաճարակը ինչպես կազդի աշխարհի վրա»,- ասաց վարչապետը:

Արտադրամասը, որի աշխատակիցների մոտ հաստատվում են կորոնավիրուսի դեպքեր, Իտալիայի հետ կապ ունի։ Իտալացի գործընկերը ժամանել է Հայաստան, ընդ որում՝ առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, բայց կրկին ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը։ Մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք իր հետևից։

«Նոր ճյուղերի զարգացում այս պահի դրությամբ չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եթե տեսնենք, պայքարի այս մեթոդն անիմաստ է, մենք ունենք 2-րդ, 3-րդ տարբերակը, թե ինչպես հետագայում պայքարել վարակի դեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։