Ինչո՞ւ է կորոնավիրուսն առավել մահացու տղամարդկանց, քան կանանց համար

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է միջազգային օրակարգի ամենահրատապ խնդիրը մնալ: Փորձագետներն ուշադրություն են դարձնում տարբեր հարցերի, որոնց շարքում հիմնականներից մեկը զոհերի շրջանում սեռային պատկանելիությամբ պայմանավորված ցուցանիշների տարբերությունն է:
Այս մասին գրում է Haaretz պարբերականը:

Հետաքրքիր ցուցանիշ է այն, որ չնայած ախտահարման հաճախականությունը կանանց ու տղամարդկանց շրջանում նույնն է, սակայն տղամարդիկ այս վարակից մահանում են շատ ավելի հաճախ, քան կանայք: Այս գենդերային անհավասարությունը գործում է տարիքային բոլոր խմբերում:

Օրինակ՝ Չինաստանի տվյալներով՝ տասնյակ հազարավոր վարակվածներից մահացել է տղամարդկանց  2,8, իսկ կանանց` 1,7%-ը: Մահացած կանանց միջին տարիքը 5 տարով ավելի բարձր է, քան տղամարդկանցը:

Ներկայում ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է այս վարակը, հարցերն առաջվա պես ավելի շատ են, քան դրանց պատասխաններ, ուստի՝ գիտնականներն այս գենդերային տարբերության մասին կարող են միայն եզրակացություններով խոսել:

Իսրայելի Բար-Իլան համալսարանի վարակաբան պրոֆեսոր Ռոնիթ Սարիդը բացատրել է, որ նման գենդերային տարբերությունները պայմանավորված են օրգանիզմի կողմից տարբեր հիվանդությունների նկատմամբ տարբեր ռեակցիաներով: Տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր արձագանքներ են տալիս վարակներին:

Չի բացառվում, որ մահերի վիճակագրության հարցում  սեռային անհավասարությունը կարող է կապված լինել նաև վարակի առաջացրած հորմոնալ փոփոխությունների հետ:

Հիշյալ համալսարանի իմունաբանության պրոֆեսոր Սերիլ Կոհենն էլ նշել է, որ կորոնավիրուսի հետևանքով մահերը շատ են լինում արյան բարձր ճնշում և սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, իսկ, ինչպես հայտնի է, այդ հիվանդություններն առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց, քան կանանց մոտ:

Բեն Գուրիոնի համալսարանի դոկտոր Շանի Գալ-Օզն էլ նշել է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, վարակային հիվանդություններով վարակվելու ավելի մեծ հակում ունեն:

Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Այս են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները: Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է: