Տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել առկա խնդիրները. դա վստահություն է ներշնչում, որ հետևողական կլինեք դրանք լուծելու գործում. վարչապետը՝ ԱԱԾ և Ոստիկանության նորանշանակ ղեկավարներին | Տեսանյութ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին։

Վարչապետը նշեց, որ թեև նորանշանակ պաշտոնյաներին ներկայացնում են աշխատակազմին, բայց ինքը որոշել է փոխել ֆորմատը, քանի որ նախ՝ նրանց արդեն իսկ ներկայացրել է աշխատակազմերին՝ ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելիս, և՝ համաճարակով պայմանավորված:


«Պետք է ասեմ, որ կա գործոն, որ էական նշանակություն է ունեցել ձեր վերանշանակման գործում: Ես հստակ արձանագրել եմ և տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել խնդիրները, որոնք այսօր առկա են, և դա վստահություն է ներշնչում, որ դուք հետևողական կլինեք այդ խնդիրները լուծելու գործում»,- դիմելով նորանշանակ ղեկավարներին՝ ասաց վարչապետը:

Նա նշեց, որ կարևոր է ինստիտուտներում ունենալ ռազմավարական փոփոխությունների այնպիսի պլան, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լինեն զարգացող մարմիններ: 

Փաշինյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, բայցև ակնհայտ է, որ երկու համակարգերը ունեն լրջագույն բարեփոխումների կարիք: «Ուզում եմ արձանագրել, որ մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չպետք է ընկրկենք: Այլընտրանք ուղղակի գոյություն չունի»,-նշեց նա:

«Ես համոզվել եմ, որ դուք չունեք շատ դեպքերում պետական կառավարման մարմիններում նկատվող այն միտումը, համենայն դեպս չեք տրվում այն միտմանը, որ համակարգերում եղած պրոբլեմները պետք է թաքցնել, քողարկել, շատ դեպքերում հովանավորել նեգատիվ երևույթները»,-ասաց Փաշինյանը:


Մանրամասները` տեսանյութում.