Երեւանում «Միթսուբիշիի» վարորդն ու ուղեւորը հարբած վիճակում ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկանին՝ պատճառելով վնասվածք

Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային եւ ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը:

Վարորդն ու ուղեւորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին եւ հնչեցրել են հայհոյանքներ:

Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին եւ ներկայացվել տարածքային քննչական բաժին' հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն: