Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 028, մահվան՝ 96 նոր դեպք


Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 10 028 նոր դեպք, գրանցվել է մահվան 96 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 4703, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 962, Սանկտ Պետերբուրգում՝ 435: Հայտնի է, որ նոր վարակակիրներից 4461-ի մոտ (44,5 տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 242 271-ի, հիվանդությունից մահացել է 2212, ապաքինվել՝ մոտ 48 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,3 միլիոն մարդ, որից 293 007-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: