«Մուրացան» ԲԿ-ում նորածին է մահացել. «Ասացին, որ պտուղը թարախի մեջ է եղել»


«Հրապարակը» գրում է. 23-ամյա Հրայր Միրզոյանը մայիսի 23-ին հայր էր դարձել։ Կինը՝ Սյուզաննա Գրիգորյանը ծննդաբերել է Աբովյանի ծննադատանը։ Աղջիկ երեխան ծնվել է 3 կիլոգրամ, 200 գրամ  քաշով,  54 սմ բոյով՝ ժամը 3 անց 15 րոպեին, սակայն րոպեներ անց Հրայր Միրզոյանին է մոտեցել ծնունդն ընդունող բժիշկը և որպես «նախաբան» հայտնել, որ գործ են ունեցել դժվար ծննդաբերության հետ։ 

«Բոլորս էլ հասկանում էինք, որ գործ ունենք դժվար ծննդաբերության հետ ու ես իրեն հարց տվեցի՝ բա եթե դժվար ծննդաբերություն է եղել, ինչո՞ւ կեսարյան չես արել։ Ես դեռ այդ ժամանակ չգիտեի, որ երեխայի հետ խնդիրներ կան։ Նա էլ՝ թե ես հղիին հարցրել եմ, նա չի ցանկացել, ես էլ իրեն բացատրում եմ, որ հղիին (ծննդկանին), այո, հարցնում են, բայց նա, ամեն դեպքում, քեզ չի կարող ուղղորդել, թե ինչ գործողություններ պետք է կատարես։ Բժիշկը Դու ես։

Բժիշկը՝ Փայտյան Սլավիկը Հրայրին հայտնում է, որ երեխան պետք է տեղափոխվի «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն՝ մի քանի օրվա վերականգնողական շրջան անցնելու համար ու մի քանի օրից կկազդուրվի։ Հրայրը իր խոսքով՝ «ապահովության համար» համաձայնում է, ստորագրություն տալիս դրա համար, ու մեկ էլ տեսնում, որ երեխային շտապօգնության մեքենա են տեղափոխում թթվածնի բալոնով։ Այդ պահին ուղեկցող բժշկուհին հարցնելով, թե ո՞վ է հայրը, նրան ասում է, որ երեխան ծայրահեղ ծանր, ավելի ճիշտ՝ մահամերձ վիճակում է։ «Ինձ բացատրում էր, որ երեխայի գլուխը նորմայից ուռած էր, մի գլխի չափ մեծ ուռուցք էլ երեխայի գլխի վրա է։ Պետք է երեխային շտապ հասցնել հիվանդանոց»,-պատմեց Հրայրը։ 

«Մուրացան» ԲԿ-ում մի քանի ժամ անց, մինչ հայրը հիվանդության էպիկրիզի փաստթղթերով էր զբաղված, բժիշկը կանչել է Հրայրի մորն ու հայտնել, որ երեխան մահացել է։ Կատարվել է նաև դիահերձում և որպես մահվան պատճառ նշվել է, որ երեխան խեղդվել է ծննդաբերության ժամանակ։ Ինչ վերաբերում է երեխայի գլխի այտուցին, ապա Հրայրը կարող է միայն ենթադրություն անել, որ կնոջ կյանքը փրկելու համար երեխային ուղղակի վակումով քաշել էին։

Հրայր Միրզոյանը հիմա էլ համոզված է, որ նորմալ քաշով ծնված երեխան չէր կարող նախքան այդ խնդիրներ ունենալ։ «Ինձ անգամ ասացին, որ երեխան թարախի մեջ է եղել։ Որ պտղաջրերը պղտոր են եղել․․․ բայց չի կարող թարախի մեջ ապրած էրեխեն 3 կիլո, 200 գրամ քաշ ունենար»,-ասաց Հրայրը։ Ոստիկանությունում արդեն իսկ քրեակամ գործ է հարուցված նորածնի մահվան փաստի առթիվ։ Երեխային կորցրած ընտանիքը հիմա սպասում է դիահերձման վերջնական պատասխանին։