Իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը, Վրաստանում դեպքերը 728-ն են և վերջ. Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենի արձագանքը՝ Արսեն Թորոսյանին


Tert.am-ը գրում է. «Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»: Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան այսպես է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ ունի Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված:

Լրագրողների հետ զրույցում Էզուգբայան ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների տվյալները թաքցնելու իմաստ չկա։ «Մեր բոլոր տվյալները ճիշտ են, ոչինչ թաքցված չէ։ Մեզ մոտ հիվանդները 728-ն են, և եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, միևնույն է, առանց իմ ասելու էլ, քանի որ իմ ասածը այնքան էլ կարևոր չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք և վերջ։ Մեզ դրա վերաբերյալ մեկնաբանություններ պետք չեն»,- ասել է Էզուգբայան։

Կայքը նաև նշում է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանից Հայաստան եկած որոշ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ Թորոսյանը, ըստ կայքի, կասկածում է Վրաստանի պաշտոնական վիճակագրության ճշմարտացիության վրա և ցանկանում է իմանալ «իրական վիճակագրությունը»։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նախարարը նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում:

«Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»,- ասել էր Արսեն  Թորոսյանը: