ԵՄ-ն որոշակի պայմանների կատարման դեպքում անայցագրային ռեժիմի անցնելու բանակցություններ կսկսի Հայաստանի հետ


Եվրամիությունը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության»՝ ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմ չունեցող անդամ երկրների հետ տվյալ հարցով բանակցություններ կսկսի միայն որոշակի պայմանների կատարման դեպքում: Այս մասին տեղեկացնում է 
swissinfo.ch կայքը՝ մայիսի 11-ին ԵՄ խորհրդի՝ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ընդունած հրամանագրին հղումով:

ԵՄ կարճատև այցեր կատարելու նպատակով անայցագրային ռեժիմից օգտվում են «Արևելյան գործընկերության» 6 երկրներից երեքը` Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտքի համար այցագրեր են անհրաժեշտ:

Խորհուրդն ընդգծել է, որ այցագրերի ազատականացման գոյություն ունեցող ծրագրերն իրականություն դարձնելու համար կարևոր է կատարել այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի կետերն ու համապատասխանել չափանիշներին:

«Եթե պայմանները թույլ տան, ապա առաջիկայում ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմ չունեցող ԱլԳ երկրների հետ կքննարկվի այցագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը»,-ասված է հրամանագրում:

Բացի այդ, հրամանագրում մտահոգություն կա որոշ գործընկեր երկրների քաղաքացիների կողմից ապաստան ստանալու հարցով դիմումների մեծ քանակի առնչությամբ: