Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 1-ից հետո | տեսանյութ


Հուլիսի 1-ից Հայաստանում գազը կթանկանա։ Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

Ընկերությունը հանձնաժողովին առաջարկում է գազի գինն ավելացնել 15 դոլարով՝ ներկայիս 150-ի փոխարեն հասցնելով 165 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: Արդյունքում հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար:

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը, հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ ընկերության ներկայացրած մաշվածության ու շահագործման որոշ ծախսեր հիմնավորված չեն: Ուստի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած 283.14 դոլարի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Հանձնաժողովն առաջարկում է նաև թանկացումը չկիրառել ՀՀ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների նկատմամբ:

Աշոտ Ուլիխանյանի խոսքով` ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10․000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91դոլար:

Նույն սակագինը կգործի պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:

«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ընդունելի է համարում հանձնաժողովի առաջարկը, բայց ոչ բավարար «Գազպրոմ Արմենիայի» ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարության հետ շուրջ 2 ժամ տևած քննարկման արդյունքում հաստատեց ՀՀ սպառողների համար գազի նոր՝ վերոհիշյալ սակագները:

Դրանք սկսեն գործել 2020թ-ի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք՝ վերջին անգամ ՀՀ ներկրվող գազի սակագինը թանկացել էր 2017թ-ի հունվարի 1-ից: Այդ ժամանակ թանկացումը «Գազպրոմ Արմենիան» մեկնաբանել էր համակարգում անհրաժեշտ ներդրումներով: