Կորոնավիրուսով վարակված 8 տարեցներ թունավորվել են


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Աղավնաձորի ծերանոց–պանսիոնատում թունավորված 8 տարեցների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։


Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքն ապահովող պանսիոնատում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։

«Պանսիոնատում 13 մարդ կա, որոնցից 8-ի մոտ փորլուծություն է եղել։ Շտապօգնության բրիգադ է եկել, բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Այժմ բոլորը իրենց լավ են զգում։ Գանգատներ չունեն», – ասել է Մարտիրոսյանը։

Նա հավելել է, որ տարեցների համար սնունդը տեղում չի պատրաստվում, քանի որ պանսիոնատի խոհանոցը չի գործում, բացի այդ, կա առողջապահության նախարարության ցուցումը` վարակված անձանց դեպքում սնունդը գնել և բուֆետներում կամ ճաշարաններում մարդկանց զանգվածային կուտակումներ թույլ չտալ։ Մարտիրոսյանի խոսքով` ընկերությունը շարունակում է սնունդ մատակարարել, քանի որ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը դեռ եզրակացություն չի տվել այն մասին, որ թունավորման պատճառը հենց սնունդն է եղել։

«Երեք վարկած կա` սնունդը, ջուրը կամ կորոնավիրուսը։ Վարակվածների մոտ հաճախ է փորլուծություն նկատվում, և գուցե սա այդ վարակի հետևանքներից մեկն է», – ասել է Մարտիրոսյանը։