Ավինյանը տեղեկացնում է



Պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան:

Իսկ ընդհանուր առմամբ պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի:

Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ»: